2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

«ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
17.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
-Որո՞նք եք համարում Հայաստանի ամենակարևոր երեք խնդիրները արտաքին ու ներքին քաղաքականության մեջ:
-Արտաքին քաղաքական դաշտում հիմնական խնդիրը համարում եմ միջազգային կազմակերպություններին և գերտերություններին հասու դարձնելը, որ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, և հասնելը նրան, որ բոլոր մակարդակներով դատապարտվեն Ադրբեջանի այդ գործողություններն ու պատժամիջոցներ կիրառվեն: Մեր ջանքերն այսօր պետք է նպատակամղվեն այդ ուղղությամբ: Մինչև այժմ հնչած հայտարարությունները եղել են հավասարակշռող, նույնիսկ ակնհայտ դիվերսիաների դեպքերում, ժամանակն է, որ միջազգային կառույցներն ու գերտերությունները որոշակիացնեն իրենց հայտարարությունների հասցեատերերին:
-Հնարավոր համարո՞ւմ եք այդ խնդրի լուծումը:
-Իհարկե, պետք է լուրջ և ակտիվ աշխատել: Մյուս խնդիրն այն է, որ այսօր ակնհայտորեն Թուրքիան նախապայմաններ է դնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունը ևս մեկ առիթ է աշխարհին բացատրելու, որ Թուրքիան նախապայմաններով է մոտենում հարցի լուծմանը, և սա նույնպես լուրջ քարոզչական, դիվանագիտական աշխատանք է պահանջում: Ներքին քաղաքական առումով, կարծում եմ, նախ և առաջ պետք է բացառել ներքաղաքական վայրիվերումները, որովհետև ունենք բավականին լուրջ արտաքին մարտահրավերներ: Երկրորդ` պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հավասար, արդար պայմաններում քաղաքական ուժերը գնան առաջիկա խորհրդարանական ընտրություններին` սա է հիմնականը: Ցավոք, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով չեմ տեսնում լուրջ քայլեր, եղել են դրվագային որոշումներ, բայց խնդիրների արմատական լուծման ծրագրեր չկան:
-«Դեմքով դեպի գյուղը» կամպանիայից արդյունքներ սպասո՞ւմ եք:
-Ժամանակը ցույց կտա, միայն գյուղը չէ մեր խնդիրը: Երկրի վիճակի վերաբերյալ հիմնական տեսակետը ձևավորվում է այն ժամանակ, երբ համեմատում ես` կոնկրետ ժամանակահատվածում, ասենք, մեկ տարում երկրի բնակչությունն ավելացե՞լ է, թե՞ նվազել: Սա միակ պարզ մոտեցումն է: Երբ պարզվում է, որ անցած տարի բնակչության թիվը նվազել է, կա արտահոսք, ուրեմն վիճակը վատ է, պետք է որոշակի քայլեր ձեռնարկել: ՀՅԴ-ն սոցիալ-տնտեսական վիճակի շտկման իր մոտեցումներն առաջարկել է վարչապետին և կառավարությանը, հույս ունենք, որ լուրջ քննարկումներ կլինեն:
-Ռեալ համարո՞ւմ եք ստատուս քվոյի փոփոխություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դաշտային փաստահավաք առաքելության վերաբերյալ իրենց զեկույցում ստատուս քվոն համարում էին այլևս անընդունելի:
-Ոչ, ստատուս քվոն կփոխվի, եթե Ադրբեջանը գնա զիջումների: Սակայն առայժմ փոխզիջման որևէ նշան չի երևում: Ես համաշխարհային պատմության մեջ չգիտեմ այնպիսի դեպք, երբ որևէ երկիր պատերազմում պարտվի և նրա պահանջները լինեն շատ ավելի հեռուն գնացող, քան մինչ իր սկսած պատերազմն էին: Զարմանալի է, բայց փաստ, որ Ադրբեջանը որևէ զիջման միտում չունի:
-ՀՅԴ-ն անցած տարիներին ազատագրված տարածքների վերաբնակեցման անհրաժեշտությունն էր պնդում, հիմա՞ էլ է այդ հարցն արդիական:
-Արդիական է վաղուց, ցավոք, թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի իշխանություններն առանձնակի եռանդ չեն դրսևորում: Որևէ կուսակցություն, թեկուզ ՀՅԴ-ն, որ համահայկական կուսակցություն է, այս խնդիրը չի կարող լուծել առանց իշխանությունների աջակցության: Իսկ իշխանությունները մինչ այսօր կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկել: Մայիսին Հայաստանի խորհրդարանում տեղի է ունենալու ԼՂՀ Ազգային ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, նախորդ նիստում Վահան Հովհաննիսյանը և ես կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, հույս ունեմ, որ այս հարցում որոշակի առաջընթաց կլինի: Վստահ եմ, որ առաջընթաց պետք է: Միայն մի մտայնություն կարող է խոչընդոտել` ինչո՞ւ բնակեցնել տարածքները, եթե վերադարձնելու ենք, այդ հոգեբանությունը պետք է արմատախիլ անել:
-Փայտը երկու ծայր ունի, չէ՞ որ կա հակառակը` ինչպե՞ս վերադարձնել բնակեցված տարածքները, ինչո՞ւ այս մոտեցումը չի գերակշռում:
-Երևան-Ստեփանակերտ չվերթի հետ կապված իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այդ տարածքները չի կարելի վերադարձնել: Վերադարձնելու դեպքում նրանք շատ ավելի դյուրությամբ կարող են հարվածի տակ դնել ոչ միայն օդային հաղորդակցությունը, այլև ռմբակոծել Շուշին և բոլոր բնակավայրերը: Մեզ համար դրանք կենսական անվտանգություն ապահովող տարածքներ են, որոնց վերաբնակեցումը ևս կենսական խնդիր է եղել ու մնում է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ